Մարտի 5-ին ֆուտբոլի Հայաստանի ընտրանին անցկացրեց տարվա առաջին հանդիպումը: Արյուն չպղտորելու համար հենց այստեղ էլ կարելի է նյութը վերջակետել, համարել գրված-ավարտված, որովհետև խաղի մասին, իսկ, ավելի ճիշտ, չխաղի մասին ասելու այլ բան` չիք:
Կողմնակա՞լ եմ գնահատականիս մեջ, հասարակական կարծիքն ապակողմնորոշող, դրամաշնորհներով սնվող դեսա՞նտ եմ հիշեցնում` ազգիս թիկունքում իջեցված: Է՜, ուր է Մարուսին էդքան բախտ, ինչպես սիրում էր ասել մեր հարևան Արուսը: Իսկ եթե նման կասկած ունեք ինքն իր յուղի մեջ տապակվող համեստ անձիս առնչությամբ, ես դառնամ համրախոս, բերեմ խաղի մասին ռուսական թերթերից մեկի ռեպորտաժը` համոզված լինելով, որ գոնե այն կընդունեք սառը դատողությամբ: Համ էլ, ես ի՞նչ գործ ունեմ, դուք եղեք դատավոր` չմոռանալով, որ հաղթել են ռուսները, իսկ իրենց հաղթանակի գինը բարձրացնելու համար գոնե նրանք շատ կուզեին, որ այն ձեռք բերված լիներ շատ ավելի ծանր գնով: Համենայն դեպս, դա հնարավորություն կտար Կրասնոդարում եղածն ավելի ծանրակշիռ ներկայացնելու:
Եվ այսպես` ռեպորտաժը.
«5-րդ րոպե. Մովսիսյանն աջ եզրով պոկվում է առաջ, մրցավարը ֆիքսում է խաղից դուրս վիճակ:
23-րդ րոպե. մի երկու անկյունային Ռուսաստանի դարպասին:
30-րդ րոպե. Մխիթարյանը հեռու տարածությունից հարվածում է Ակինֆեևի դարպասին, խաղացողը գնդակը հանում է անկյունային: Վտանգավոր է:
32-րդ րոպե. Հարձակմանն է միանում և Ղազարյանը, սակայն նրա հարվածից հետո գնդակը եզրային գծից դուրս է գալիս:
42-րդ րոպե. տուգանայինից հարվածում է Մովսիսյանը, Ակինֆեևը բռնում է գնդակը:
61-րդ րոպե. Արզումանյանը վտանգավոր հարված է կատարում:
70-րդ րոպե. Մովսիսյանն անկյունում պայքարում է գնդակի համար, փոխանցում տուգանային հրապարակ, ռուսները զգոն են:
77-րդ րոպե. Մովսիսյանն է հարվածում, փոքր-ինչ շեղ է»:
Սա, կրկնում եմ, ռուսական թերթի ռեպորտաժն է խաղին մեր հավաքականի ունեցած մասնակցության մասին:
Ինչ-ինչ` Հայաստանի ազգային հավաքականը չսիրելու, չերկրպագելու մեջ որքան էլ զորես, անձիս մեղադրանք չես կարող ներկայացնել: Այն ժամանակ, երբ ոմանք, ես ինչ իմանամ ինչ ճղելով, խոսում էին թուրքերին անպայման հաղթելու մասին, ես համաձայն էի անգամ մեր պարտությանը` պայմանով, որ դա արժանապատիվ լինի. ասել է թե, պատկերավոր ասած, չասեին` գնացինք գյուղը կրակ տվինք, շորահոտ էլ չեկավ: Նույն կերպ անձիս չես մեղադրի նաև «Ռուբեն Հայրապետյան և ընկերություն» ֆիրմայի նկատմամբ անհանդուրժողության համար. մոտեցումը միշտ էլ մեկն է եղել` գործ արեք, պագենք, դնենք գլխներիս, բայց, կներեք, եթե չի ստացվում, իրենց գեներալ երևակայողների կողքին շարքայիններիս մեղքը ո՞րն է:
Ես հեռու եմ այն մտքից, որ աշխարհի առաջնության փուլայինը մեր հավաքականը ձախողեց: Դա ոչ թե այդպես չէ, այլ բացարձակապես այդպես չէ: Արեցինք ճիշտ այնքան, որքան կարող էինք: Մնացածը ցանկությունների կամ սեղանի շուրջ կենաց խմելու ոլորտից է: Վարդան Մինասյանը վատ մարզիչ չէր, սակայն հավաքականի խարջ էլ չէր, որքան էլ մեր ձգտումների մեջ ամբիցիոզ չլինեինք: Բարեբախտաբար հարցը լուծվեց, թեպետ հետին թվով ևս մեկ անգամ չեմ կարող չասել, որ Վարդան Մինասյանի թեկնածության մեջ համառապնդելու պրոֆեսիոնալությունը նույնքան անպրոֆեսիոնալ էր, որքան մտածելը, թե ես Յուրի Գագարինն եմ: Մարդը կարող էր մարզել Հայաստանի առաջնության մակարդակով փայլող «Փյունիկը». դրանից ավել ի՞նչ էիք ուզում, ո՞ւր էիք քաշում-հանում հավաքականի մակարդակ. հետո՞ ինչ, որ քավոր-սանիկ եք կամ դուռ-դռան հարևանի տղա: Ցավս այն է, որ տարրական ճշմարտությունների մասին խոսելիս ամեն անգամ հիշում եմ հենց Վարդան Մինասյանին, ով, որքան հասկանում եմ, լավ էլ կարգին մարդ է, բայց ինչո՞ւ էին (են) վիզ դրած նրան փուռը տալիս, այդպես էլ չեմ հասկանում: Անգամ չուզենալով՝ այդ ի՞նչ կարգի չորագլուխ պիտի լինել կամ հակակրանք ունենալ այդ մարդու նկատմամբ, որ տանես-դնես մի հավաքականի գլուխ, որն ամիսներ շարունակ իրար գլխի չի եկել ու այդ վիճակով միջազգային ընկերական խաղի է մասնակցում` հիշեցնելով իրար հետ կապ չունեցող տասներկու մարդու անկապություն:
Լավ, Վարդան Մինասյանին թողնենք մի կողմ: Դառնանք Շալանդին: Իհարկե, այստեղ այնքան էլ տեղին չէ հիշել «Шаланда полна кефали» ռուսական երգը, բայց դե: Ընդունենք, որ լավ են արել, բերել են, բայց, ի սեր Աստծո, մի համոզեք, որ քառասունինը մարզչի միջից եք պեղել-բերել, ու այդ բերման հիմքում մասնագետի որակական ցուցիչներն են եղել: Նախ` գտնում են երկու-երեքի, քարը տրաքի` չորս-հինգի միջից: Քառասունինի միջից գտնելը մոտավորապես նման է փողոցում ամեն անցնող-դարձողից «իսկ դուք կուզենայի՞ք դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ» հարց տալուն ու դրական պատասխան ակնկալելուն: Եվ հետո, ի սեր Աստծո, մարզչի համար հնարավոր վճարելիք երկուսուկես միլիոն գումարը ձեզ համար մի ընդունեք թիրախ ու հեռուստատեսությամբ «բազար» արեք այդ գումարը առավել արդյունավետ օգտագործելու ավելի թիրախային տեղերի մասին: Նախ` երկուսուկես միլիոնով Հայաստան կարելի է բերել աշխարհի թոփ տասնյակի երկրորդ հնգյակը կազմող գրեթե յուրաքանչյուր մարզչի: Լավ, եթե ոչ երկրորդ հնգյակի, գոնե նրան հաջորդող հնգյակի առաջին երկու տեղերում գտնվող մեկին, և մի կարծեք, թե, ձեզնից բացի, ուրիշ ոչ ոք գներին տեղյակ չէ: Եթե տեսնում եք, չենք էլ պահանջում ասել ձեր «բազարի» առևտրային շեմի «պատալոկը»: Պարզապես ուզում ենք ասել, որ եթե մի բանի մեջ ի սկզբանե կեղծիք է դրվում կամ ապակողմնորոշում, բանը լավով չի վերջանում:
Շատ բաներ կարելի է ասել շատ ջուր քաշող այս խմորի մասին, բայց եղածով բավարարվենք ու հուսանք, որ, այնուամենայնիվ, ամեն ինչ լավ կլինի, ու բանավեճ մի սկսեք հետս, թե այսքանից հետո այդ լավն էլ ո՞րն է լինելու:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ.Գ. Ռուդիկ Ստեփանյան, Արամ Խաչատրյան, Ռազմիկ Աբրահամյան, Վանուհի Դունամալյան և այլք. սրանք մեր աշխատասենյակի այն անձինք են, ովքեր խաղի հաջորդ օրը թթված դեմքով դիմավորեցին կոտրված մուտքս հիմնարկություն` կարծես հավաքականի պարտության հարցում ես եմ հիմնական մեղավորն ու ոչ… իրենք: Չէ, ես մեղավորության իմ բաժնից չեմ հրաժարվում, բայց ո՞ւր էր թե սա լիներ չարյաց փոքրագույնը: Հիմնարկության հավաքական միտքը, ի դեմս Ռուդիկ Ստեփանյանի, ինձ հարց է ուղղել` ավելի ճիշտ չի՞ լինի, եթե կյոռլինգի հավաքական ստեղծենք ու նրան «բալետ» անենք: Եթե սա ասողը այն նույն անձն է, այն նույն Ռուդիկ Ստեփանյանը, ով իր կյանքի յոթանասունհինգ տարիներից համենայն դեպս ոչ վատագույն յոթանասունն անմնացորդ նվիրաբերել է ֆուտբոլ կոչվող հրաշք խաղը երկրպագելուն, կներեք, սա ձեզ նրա հիասթափության մասին ինչ-որ բան ասո՞ւմ է: Ինչ վերաբերում է կյոռլինգին, շոտլանդացիները քթները թող առանձնապես վեր չցցեն: Նախ` մենք որ քիթ ունեինք, իրենք որտե՞ղ էին, և երկրորդ` կյոռլի՜նգս որն է. դա մեր ազգային, հնագույն քարկտիկ խաղն է ընդամենը: Տարբերությունն ընդամենը քարերի չափն է: